Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագիտություն

Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում, կամ փորձել նոպաները ճնշել` նախանշանների ժամանակ կոլխիցինի հավելյալ օգտագործմամբ: Ամեն դեպքում համալիր բուժումը նույնպես նշանակում է միայն բժիշկը: Հիվանդին պետք է զգուշացնել, որ դեղաբույսը նույնպես դեղորայք է:

 

Քանի որ կոլխիցինաբուժության համաշխարհային փորձը հիմնված է մանկական և երիտասարդ տարիքից կոլխիցին ստացած հիվանդների հետազոտման տվյալների վրա, իսկ տարիքի հետ, սովորաբար, զգալիորեն թուլանում է նոպաների և հաճախականությունը, և ինտենսիվությունը, ամիլոիդոզը կանխելու տեսակետից նպատակահարմար է կոլխիցինի դեղաչափը հասուն և ծերունական տարիքի հիվանդների համար սահմանել մեկ աստիճանով ավելի բարձր, քան դա անհրաժեշտ է կլինիկորեն: Այսինքն, եթե հասուն և ծերունական տարիքում կոլխիցինաբուժություն սկսած հիվանդների նոպաները վերանում են 0,5 մգ/օր դեղաչափի օգտագործման դեպքում, ապա նրանք պետք է ընդունեն օրական 1,0 մգ, իսկ եթե վերանում են 1,0 մգ/օր դեղաչափ օգտագործելիս, պետք է ընդունեն օրական 1,5 մգ, անարդյունավետության դեպքում` օրական 2,0 մգ: Ընդհանրապես, կոլխիցինը երկարատև օգտագործելիս տարիքի ավելանալու հետ չի կարելի դեղաչափը պակասեցնել, եթե նույնիսկ դրանով հետագայում նոպաները կանխվում են, այլ պետք է թողնել այն դեղաչափը, որը նպաստել է երիտասարդ տարիքում նոպաների դադարելուն:

 

Բացի այդ, քանի որ երբեմն կոլխիցինի կանոնավոր օգտագործումը նույնպես կարող է բավարար չլինել` ամիլոիդոզը կանխելու առումով, այն դեպքում, եթե առկա են MEFV գենի M694V/M694V մուտացիոն գենոտիպը և S`` գենի ալֆա/ալֆա տարատեսակը, ինչպես նաև ՊՀ-ի ժամանակ ամիլոիդոզի զարգացման ռիսկի մի քանի այլ գործոններ, ինչպես, օրինակ հիվանդության վաղ սկիզբը, խառը կամ որովայնային ձևը, հոդային արտահայտված երևույթները, հարազատների մոտ ամիլոիդոզով բարդացած ՊՀ-ի, ինչպես նաև մանկական տարիքում նոպաների հաճախակի կրկնությունները, նույնպես նպատակահարմար է կոլխիցինի դեղաչափը սահմանել 0,5 միլիգրամով ավելի, քան կլինիկորեն բավարարը: Եթե տարիներով պահպանվում են տարբեր բնույթի ախտաբանական երևույթները (հոդաբորբեր, բարձր ԷՆԱ, բորբոքման սուր փուլում սպիտակուցների բարձր մակարդակ), ցանկալի է մեծացնել կոլխիցինի դեղաչափը նույնիսկ նոպաների բացակայության պարագայում:

 

Կլինիկական պրակտիկայում հանդիպող կոլխիցինային բուժման հիմնական կողմնակի երևույթները ստամոքսաաղիքային ծագում ունեն` սրտխառնոց, փսխում, որովայնի կծկումային ցավեր, լուծ: Այդ երևույթները, ինչպես արդեն ասել ենք, սովորաբար դիտվում են բուժման սկզբում և անցնում են կոլխիցինի դեղաչափը ժամանակավորապես պակասեցնելուց, համապատասխան սննդակարգ նշանակելուց կամ աղիքների գալարակծկանքը ճնշող դեղամիջոցների ժամանակավոր օգտագործումից հետո: Եթե բուժումը շատ է ուշացել, և նշված երևույթները շատ ավելի են արտահայտված, հաճախ հնարավոր չի լինում նշանակել կոլխիցինի նույնիսկ անհրաժեշտ դեղաչափը: Քիչ վտանգավոր, սակայն համեմատաբար հաճախ հանդիպող բարդություններից կարելի է նշել լակտոզային մալաբսորբցիան (թերներծծում):

 

Երկարատև կոլխիցինաբուժության դեպքում առավել հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են մկանաախտը (միոպաթիա) և նյարդաախտը (նեյրոպաթիա), որոնք հիմնականում առաջանում են միզարյունություն (ուրեմիա) ունեցող հիվանդների բուժման ժամանակ, սակայն դրանք հազվադեպ կարող են առաջանալ նաև երիկամների նորմալ ֆունկցիայի դեպքում: Դա նկատի ունենալով, կոլխիցինաբուժություն ստացող անձինք պետք է ժամանակ առ ժամանակ ստուգվեն արյան մեջ մկանների ախտահարման ցուցանիշ համարվող կրեատինֆոսֆոկինազայի (ԿՖԿ) մակարդակը որոշելու համար: 

 

Կոլխիցինային թունավորման մահացու դեպքերը սովորաբար դիտվել են, երբ հիվանդը ընդունել է 40 մգ-ից բարձր դեղաչափ:

 

Հիվանդին պետք է հիշեցնել, որ, դեղորայքի սրվակը անհրաժեշտ է պահել ընտանիքի անդամների, հատկապես երեխաների համար անհասանելի տեղում: 

 

Կոլխիցինը չի ազդում հղիության ընթացքի վրա: Պտղի զարգացման շեղումներ չեն հայտնաբերվել հազարավոր կանանց շրջանում, որոնք շարունակել են կոլխիցին ընդունել հղիությունից առաջ և հետո: Կանանց բեղմնունակության վրա կոլխիցինի բարերար ազդեցությունը կասկած չի հարուցում, և հեղինակները դա հիմնականում կապում են ձվարանների շուրջն առաջացած կպումների պակասմամբ: Լրացուցիչ դրական արդյունք են ստանում, երբ կոլխիցինային բուժման ֆոնի վրա կատարվում է այդ կպումների լապարոսկոպիկ հատում: Ցավոք սրտի, անպտղության ոչ բոլոր դեպքերում է նման բուժումն արդյունավետ լինում: 

 

Պակաս կարևոր չէ նաև կոլխիցինային բուժումից տղամարդկանց սեռական անկարողության առաջացման հարցը: Դա է հիմնական պատճառը, որ ներկայումս Հայաստանում ՊՀ-ով տառապող տղամարդկանցից շատերը հրաժարվում են կոլխիցինաբուժությունից: Արտասահմանյան գրականության մեջ այդ հարցը չի շոշափվում: Դա կարելի է բացատրել նրանով, որ այդ հետազոտություններում ընդգրկված են եղել հիմնականում երեխաներ, և մինչև կոլխիցինաբուժության դարաշրջանը հավանաբար նրանցից քչերն են ապրել 40 տարի և ավելի: Ինչ վերաբերում է մեր հիվանդներին, ապա 40 տարեկանը Հայաստանում ՊՀ-ով տառապողների կյանքի միջին տևողությունն է: Մինչև կոլխիցինի դարաշրջանը, Հայաստանում ՊՀ-ով տառապողների 5%-ն ունեցել է սեռական անկարողություն:

 

Կոլխիցինային դարաշրջանում, ըստ արտասահմանյան հետազոտողների, հիվանդների թվում արդեն զգալի են 40-նն անց տղամարդիկ, որոնք մանկական տարիքից տասնամյակներով կանոնավոր ընդունել են կոլխիցինաբուժություն, և նրանցից դեռ ոչ մեկը չի նշել սեռական անկարողություն:

 

Այսինքն, կարելի է վստահորեն ասել, որ մանկական տարիքից տասնամյակներ շարունակ ընդունած կոլխիցինաբուժությամբ կանխարգելվում է տղամարդկանց սեռական անկարողության զարգացումը:

 

Իհարկե, սխալ կլինի մտածել, որ սեռական ֆունկցիայի վրա կոլխիցինի ճնշող ազդեցության առասպելը լրիվ անհիմն էր, քանի որ բազմաթիվ դեպքեր են արձանագրված, երբ կոլխիցինի կիրառումը սկսելուց հետո նկատվել է սեռական անկարողություն: Բայց այդ դեպքերը բացատրելի են: Նախ, բոլորին հայտնի է, որ մարող սեռական ֆունկցիան որոշ ժամանակ կարող է պահպանվել տարբեր բնույթի կենսախթանիչներով: Միևնույն ժամանակ հայտնի է, որ ՊՀ-ի նոպաների ժամանակ արյան մեջ են անցնում բազմաթիվ սթրեսորային նյութեր, որոնք օրգանիզմի համար կարող են նաև կենսախթանիչի դեր խաղալ և որոշ ժամանակ պահպանել մարող սեռական ֆունկցիան: ՊՀ-ի նոպաների կանխարգելումը կոլխիցինով, բնականաբար, կբերի նոպաների կենսախթանիչ դերի նվազմանը և ամորձիների ենթակլինիկական վնասման ի հայտ գալուն: Բացի այդ, հայտնի է, որ կոլխիցինաբուժության սկզբում կարող են ակտիվանալ աուտոիմունային ֆունկցիաները, որոնց թվում նաև` ամորձիների աուտոիմունային վնասումը:

 

Այլ դեղորայքների հետ կոլխիցինի բացասական փոխազդեցություն համարյա չի նկատվում:

 

Պարզապես զարմանալ կարելի է, որ այսպիսի փաստերի առկայության դեպքում Հայաստանում դեռ ստվար զանգված են կազմում այն բժիշկները, ինչպես նաև միջին բուժաշխատողները, որոնք ապակողմնորոշում են հիվանդներին, պնդելով, որ կոլխիցինը շատ թունավոր դեղամիջոց է և ՊՀ-ն պետք է բուժել այլ միջոցներով: Ընդ որում, յուրաքանչյուրը գովազդում է ՙբուժման՚ իր մեթոդը, հաճախ նույնիսկ ԶԼՄ-ներում: Իսկ երբ գործ ունես ամենօրյա կանոնավոր դեղորայքային բուժման հետ (խրոնոթերապիա), մանավանդ այնպիսի հիվանդության դեպքում, ինչպիսին ՊՀ-ն է, որին բնորոշ չեն մշտական հիվանդագին երևույթները, տասնյակ գրագետ բժիշկների շրջանում նույնիսկ մեկ այդպիսի ՙխելոքի՚ առկայությունը բավական է, որ հիվանդը հրաժարվի իր համար կենսական կարևորություն ունեցող կոլխիցինաբուժությունից: Միայն գործուն, խիստ և կտրուկ առողջապահական և իրավաբանական միջոցառումների շնորհիվ մենք կկարողանանք Հայաստանում համարյա վերացնել ՊՀ-ի ծանրագույն բարդության` ամիլոիդոզի առաջացումը:

 

Ծնողներից MEFV  պաշտպանիչ առողջ եվ փոփոխված (մուտանտ) գեները

Զավակներինփոխանցվելուեվերեխաներիհիվանդանալուհավանականությունը

I. II.  III.

 

Լրիվ առողջ MEFV գեներ ունեցող ծնողների երեխաները չեն հիվանդանում: 

 

Լրիվ մուտացված MEFV գեներ ունեցող հիվանդ ծնողների երեխաները հիվանդանում են:

 

  1. Ծնողներից մեկի MEFV զույգ գեներից մեկը մուտացիայի է ենթարկված (կորցրել է իր պաշտպանական հատկությունը), երեխաները չեն հիվանդանում:
  2. Ծնողներից յուրաքանչյուրի MEFV զույգ գեներից մեկը մուտացիայի է ենթարկված: Երեխաների հիվանդանալու հավանականությունը կազմում է 25% (կհիվանդանա 4-ից մեկը):
  3. Ծնողներից մեկի MEFV զույգ, իսկ մյուսի` մեկ գենը մուտացիայի է ենթարկված: Երեխայի պաշտպանվածության հավանականությունը կազմում է 50% (կհիվանդանա 2-ից մեկը):

Հեղինակ. Ալեքսանդր Այվազյան Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ թերապիայի N2 ամբիոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Համեստ, բարև Ձեզ: Կոլխիցինի ընդունումը տղամարդկանց մոտ առաջացնում է դարձելի ասպերմիա, այսինքն դեղի ընդունումը դադարեցնելուց հետո ռեպրոդուկտիվ ֆունկցիան կվերականգնվի:

Համեստ

10.06.2015

Բարև ձեզ , կոլխիցինը կարող է առաջացնել չբերություն (տղամարդու համար)կամ չբերության պատճառ դառնա:

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի Արսեն, բարև Ձեզ: Կոլխիցինի գերդոզավորումից կարող են առաջանալ տարբեր օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարումներ: Այն արտահայտվու է սրտխառնոցով, փսխումով, որովայնային և գոտկային շրջանի ցավերով: Անպայման տեղյակ պահեք Ձեր բուժող բժշկին, հնարավոր է կա դեղի գերդոզավորում և հարկ լինի հանել դեղը:

արսեն

07.05.2015

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել. 6 ամիս առաջ հանձնել եմ անալիզներ պարզվել է,որ ունեմ միայն մեկ մուտացիա: Բժիշկը ժամանակավոր նշանակել է կոլխիցին: Դեղը խմելու ընթացքում կողային շրճջանում ցավերն ավելի են սրվել: հետագայում հնարավո՞ր է , դա առաջացնի լուրջ խնդիրների:

Լիլիթ

29.01.2014

Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

28.01.2014

Հարգելի Լիլիթ բարև Ձեզ, թեկուզև Կոլխիցինի բոլոր հրահանգներում նշված է, որ հակացուցված է հղիներին, այդուհանդերձ, վերջին հետազոտությունները ցուց են տվել, որ դեղամիջոցը տերատոգեն հատկություն չունի, և կարող է օգտագործվել հղիության ընթացքում, եթե կարևորվում է բուժման գործընթացը: Ավելին, պարբերական հիվանդությունը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, որի ռիսկը պակասում է Կոլխիցին ընդունելիս: Սակայն անհրաժեշտ է բժշկի հսկողություն և ինքնուրույն չի կարելի ոչինչ ձեռնարկել:

Լիլիթ

27.01.2014

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. հղիության ընթացքում թույլատրվո՞ւմ է կոլխիցին ընդունել:

Կարդացեք նաև

Դեղագործական կազմակերպությունների տարբեր սպառողների համար դեղագործական մարկեթինգի որոշ ասպեկտների վերլուծություն

Բանալի բառեր. դեղագործական մարկեթինգ, սպառողի վարք, դեղագործական կազմակերպություն, ծառայություն

Գրականության տվյալները հավաստում են, որ վերջին տասնամյակներում դեղերի մանրածախ վաճառքը դարձել է մի շարք պետությունների տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Հայաստանում մշակվող և վայրի աճող մի շարք ծառատեսակներից հավաքված արաբինային և բասորինային խմբի կամեդների ջրային լուծույթների սպեկտրային վերլուծությունը

Բանալի բառեր. արաբինային և բասորինային կամեդներ, սպեկտրային վերլուծություն

Ամբողջ աշխարհում հայրենական հումքային պաշարների հանդեպ աճող հետաքրքրություն-ների հետ կապված մեծ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի բնական հումքային աղբյուրների ուսումնասիրությունը...

Դեղաբույսեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Առողջապահություն 2.2011
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Սրտանոթաբանություն Առողջապահություն 1.2011
Նոր ջրալույծ կատիոնային մեզո-տետրա-պիրիդիլ պորֆիրինների և մետաղապորֆիրինների հիպոտենզիվ ակտիվությունը

Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ

Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության  նկատմամբ...

Սրտանոթաբանություն Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Հակաբիոտիկների ընտրությունը գլխուղեղի թարախաօջախային ախտահարումների բուժման ժամանակ

Բանալի բառեր. գլխուղեղի թարախաօջախային ախտահարում, գլխուղեղի թարախակույտ, գլխուղեղի էմպիեմա, կոնսերվատիվ բուժում, հակաբիոտիկային թերապիա, հակաբիոտիկոգրամմա, բակտերիաբանական հետազոտություն...

Նյարդաբանություն Հայաստանի բժշկագիտություն 3.2007

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ